Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ադրբեջանական դիվերսիայի փորձին տվել են համարժեք արձագանք, կատարվել են ինչպես կանխարգելիչ, այնպես էլ պատժիչ միջոցառումներ։ Այդ մասին «Զինուժ» ծրագրին տված հարցազրույցում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ մեկնաբանելով դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ։
«Այս միջադեպը շատ ուղիղ պատասխան էր բոլոր նրանց, ովքեր փորձում են ռացիոնալ օղակ փնտրել իռացիոնալի մեջ։ Կարծում եմ, որ որեւէ տրամաբանական բացատրություն այս փորձին գոյություն չունի։ Սա ուղղակի այլատյացության, ներքին ագրեսիայի ձեւավորման, զինվորական առումով չբացատրելի արարքները հերոսացնելու, իմ գնահատականով՝ երկարաժամկետ չափազանց իռացիոնալ քաղաքականության արդյունքն ու դրսեւորումն է»,- ասել է նախարարը՝ ըստ ամենայնի ակնարկելով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին անվանել ռացիոնալ քաղաքական գործիչ։
«Ինչպես միշտ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը այդ փորձին տվել են համարժեք արձագանք, կատարվել են ինչպես կանխարգելիչ, այնպես էլ պատժիչ միջոցառումներ, եւ այդ մոտեցումը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ հակառակորդը չհասկանա, որ անիմաստ է փորձել լուծել մի խնդիր, որը այդպես չի լուծվում՝ զինվորական, ռազմական ճանապարհով»,- ասել է Սարգսյանը եւ հավելել. «Յուրաքանչյուր կորուստ, որ ունենում ենք զինված ուժերում, մեր ժողովրդի եւ մեր ողջ երկրի կորուստն է։ Եվ չկա որեւէ գին, որը պարտադրելով հակառակորդին, մենք կլրացնենք այդ կորուստը։ Բայց գինը միշտ լինելու է, եւ այդ գինը լինելու է անհամաչափ, այնքան ժամանակ, ինչքան որ կպահանջվի այս գաղափարը հակառակորդին մինչեւ վերջ հասցնելու»։











