Երեւանի Եռաբլուր զինվորական պանթեոնում այսօր` դեկտեմբերի 31-ին, տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիայի հետեւանքով զոհված Էդգար Նարայանի հուղարկավորությունը:

20-ամյա Էդգարին հուղարկավորեցին զինվորական կարգով:

Տավուշում զոհված Էդգարը Երեւանից էր, ընտանիքի միակ որդին, հինգ ամսից պետք է զորացրվեր: Հարազատներն ու ընկերները վերջին անգամ Էդգարին տեսել էին երեք ամիս առաջ։ Նա արձակուրդ էր եկել քրոջ հարսանիքին մասնակցելու նպատակով։ Էդգարը ունի երկու քույր։ Մինչ բանակ զորակոչվելը, սովորել է Ֆրանսիական համալսարանում, ծրագրավորող էր։

Ավելի վաղ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ էր արել, սակայն հետ էր շպրտվել` տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաեւ` մեր մարտական դիրքերի հատվածում. «ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

Ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ` ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը եւ Էրիկ Գարիկի Աբովյանը: