Լեհաստանում Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը անվտանգության ոլորտում համագործակցության մասին հուշագիր է ստորագրելու:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից, Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի հրավերով ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 2-4-ը պաշտոնական այցով կմեկնի Լեհաստան:
Այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանին կընդունի Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:
Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյում բանակցություններից հետո նախատեսվում է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի եւ Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի միջեւ անվտանգության ոլորտում համագործակցության մասին հուշագրի ստորագրում:
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Լեհաստանի ներքին գործերի նախարար Ադամ Ռապացկու, պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի, Սենատի մարշալ Մարեկ Ժուլկովսկու, Լեհաստանի կառավարող Քաղաքացիական պլատֆորմ կուսակցության` Սեյմի եւ Սենատի խմբակցությունների ղեկավարներ Մալգոժատա Կիդավա-Բլոնսկայայի, Մարեկ Ռոցկու, ինչպես նաեւ` կուսակցության հիմնադիր անդամ, լեհ-հայկական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:





























