Չիկագոյի եւ Ուեյնի համալսարանների տիեզերագետների նոր հետազոտությամբ ԱՄՆ-ի գիտական երկու կազմակերպությունները հաստատում են Ia գերնոր կարգի միջոցով Տիեզերքի ընդարձակման արագության չափման ճշգրտությունը: Այս հայտնագործությունները վկայում են հօգուտ այն տարածված վարկածի, որ Տիեզերքի ընդարձակումն արագանում է, եւ որ նման արագացումը խորհրդավոր ուժի է վերագրվում, որը հայտնի է որպես սեւ էներգիա: Այս մասին նշված է Monthly Notices of the Royal Astronomical Society-ում հրապարակված հոդվածում:

Գիտնականները քննադատում են վերջին հոդվածները, որոնցում կասկած էր հայտնվում Տիեզերքի ընդարձակման արագության ճշգրիտ չափման համար Ia գերնոր տիպի օգտագործման հնարավորությունը: Տիեզերքի ընդարձակման արագության չափման համար Ia գերնոր տիպի օգտագործման հակառակորդների հիմնական փաստարկն այն է, որ այդպիսի բռնկումների պայծառությունը միանման չէ, եւ դրանք կարելի է բաժանել երկու տարբեր ենթակարգի, ինչը էականորեն դժվարացնում է դրանց օգնությամբ տիեզերական հեռավորությունների չափումը:

Ուեյնի համալսարանի պրոֆեսոր Դեւիդ Սինաբրոյի գլխավորած գիտնականների խումբը հայտնել է, որ Երկնքի սլոունյան թվային տեսածիրի (Sloan Digital Sky Survey, SDSS) Supernovae Search եւ Supernova Legacy Survey դիտումների արշավի շրջանակներում ստացած տվյալներում չեն հայտնաբերել Ia գերնոր տիպի երկու տարբեր ենթակարգերի գոյության նշաններ: Վերջին աշխատանքներում, որոնք քննադարում էին Տիեզերքի չափման համար Ia գերնոր տիպը որպես «քանոն» օգտագործումը, օգտագործվել են տվյալների այլ լրակազմեր: