Նոյեմբերի 1-ին Կանադայի նորանշանակ դեսպան Ջոն Սլոանին (John Sloan, նստավայրը` Մոսկվա) իր հավատարմագրերի պատճեն է հանձնել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Է. Նալբանդյանը, շնորհավորելով դեսպան Սլոանին նշանակման կապակցությամբ, նշել է, որ այս տարի հայ-կանադական հարաբերությունները զգալի առաջընթաց են ապրել` թե՜ քաղաքական երկխոսության, թե՜ խորհրդարանական եւ թե՜ ապակենտրոնացված համագործակցության ձեւաչափերում:
Դեսպան Սլոանն իր հերթին, վստահեցրել է, որ կանի առավելագույնը վերջին շրջանում տարբեր ոլորտներում աշխուժացած երկկողմ համագործակցությունը առավել խորացնելու եւ ընդլայնելու համար:
Զրուցակիցները կարեւորել են միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Կանադայի համագործակցությունը:
Էդվարդ Նալբանդյանն ու Ջոն Սլոանը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ. այդ ենթատեքստում ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ օրակարգային է դարձել Երեւանում Կանադայի դիվանագիտական ներկայացուցչության բացումը:





























