ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացող Ջոն Քերրին ապագա նախագահ Դոնալդ Թրամփին նախազգուշացրել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ կնքված համաձայնագրի չեղարկման փորձերի վտանգի մասին:
«Երբ մենք սկսեցինք բանակցությունները, Իրանում 12 հազար կգ հարստացված ռադիոակտիվ վառելիք կար... Իրանը բավականաչափ միջուկային նյութ ուներ, որպեսզի կարողանար մինչեւ 20 ռումբ ստեղծել, եթե ցանկանար շարժվել այդ ուղղությամբ»,- Վաշինգտոնում կայացած ասուլիսում հայտարարել է Քերրին:
«Միակողմանի մոտեցումը կամ բանակցություններից լիարժեք հրաժարվելը, որի հարցում ոմանք պնդում էին, մեզ երկու շատ վատ հնարավորություն կտային. շատ շուտով Իրանի՝ միջուկային զենքով սպառազինում կամ եւս մեկ հակամարտություն Մերձավոր Արեւելքում: Ուզում եմ սա շատ պարզ ընդգծել»,- հավելել է Քերրին:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Թրամփը բազմիցս քննադատել է գործարքը, որով չեղարկվել են Իրանի դեմ սահմանված ՄԱԿ-ի պատժամիջոցները եւ մի շարք երկկողմ պատժամիջոցներ՝ միջուկային ծրագրի խաղաղ բնույթի շուրջ երաշխիքների դիմաց:





























