«Ուղեվար» ջինսեր, շարժման հաղորդիչներով վերնաշապիկներ, գոլֆի համար «խելացի» գնդակ ու դիսփլեյով պայուսակ։ Սա Լաս Վեգասում կայացած CES Gadget Show ցուցահանդեսում ցուցադրված կենցաղային էլեկտրոնիկայի ոչ ամբողջական ցանկն է։

Եվ այսպես, ֆրանսիացի մշակողները կարողացել են սովորական ջինսերը յուրատեսակ նավիգատորի վերածել, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նրանց ստեղծած Spinali Design մոդելը կարողանում է գրպանների վիբրացիայի միջոցով ցույց տալ երթուղին դեպի նախանշված նշանակության կետ։ Ֆրանսիացի մշակողները նաեւ ստեղծել են «խելացի» բիկինի, որն ունակ է որոշել, թե ինչքան կարելի է մնալ արեւի ուղիղ ճառագայթների ներքո ու երբ է արեւայրուքից պաշտպանվելու քսուք օգտագործելու ժամանակը։

Ֆրանսիացի մշակողները նույնիսկ աղբամանին են էլեկտրոնային ուղեղով օժտել։ Այն ունի սկաներ, որը կարողանում է ընթերցել դեն նետված փաթեթների շտրիխ կոդերն ու նշել, արդյոք հնարավոր է դրանց կրկնակի վերամշակումը։

Իրենց ֆրանսիացի գործընկերներից որոշել են հետ չմնալ նաեւ ճապոնացիները ՝ստեղծելով վերնաշապիկ, որն ունի ներկցված հաղորդիչներ, մկանների շարժումները, շնչառությունը, քրտնարտադրությունը ու մարմնի ջերմաստիճանը չափելու համար։

Իսկ Քլիվլենդի հոսպիտալի աշխատակիցները մշակել են մարզիկների ուղեղի ցնցումը գրանցող սարք, որը մարզիչների ու մարզումներին հետեւող բժիշկների սմարթֆոններին է փոխանցում գլխի հարվածի ուժգնության ու ուղղության մասին տվյալները։

Երիտասարդներին թերեւս ավելի կհետաքրքրեր դիսփլեյով պայուսակը, որը կարող է ցուցադրել տարբեր լուսանկարներ՝ միաժամանակ փոխելով նաեւ պայուսակի տեսքը։