Հայաստանի կառավարությունը, արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով, առաջիկայում կսկսի Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի շուրջօրյա պահպանություն՝ ՀՀ ոստիկանության ուժերով։ Այդ մասին որոշման նախագիծը կհաստատվի նոյեմբերի 4-ի կառավարության նիստում։

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը կառուցվել է 1976 թվականին` ՀՍՍՀ մինիստրների խորհրդի որոշմամբ եւ գտնվում է Երեւան քաղաքի Էրեբունի վարչական տարածքում, Ջրաշեն, Գեղանիստ եւ Մուշավան գյուղերի հարևանությամբ, ակտիվ սողանքային գոտում: Անմիջական հարեւանությամբ գտնվում է նաեւ բնական ցորենի արգելանոցը: Թունաքիմիկատների գերեզմանոցում թաղված շուրջ 512 տոննա թունաքիմիկատներն իրենց վտանգավորությամբ դասակարգվում են որպես 1-ին եւ 2-րդ դասի: Թունաքիմիկատների թաղում իրականացվել է մինչեւ 1980-ական թվականների կեսերը:

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը չունի հատակ, պատեր եւ տանիք, թունաքիմիկատներն անմիջականորեն թաղված են հողի մեջ: Տեղանքի երկարությունը 100մ է, լայնությունը` 20մ, խորությունը 5 մետրից պակաս, մոտավոր ծավալը կազմում է 10000մ3: Թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքը գտնվում է Ողջաբերդի սողանքային մարմնի վրա, տարածքում ներկայումս ընթանում են ակտիվ սեղանքային պրոցեսներ:

Հարակից տարածքի բնակիչների կողմից փշալարերի հենասյունները տարբեր հատվածներում շրջվել են, կտրվել են փշալարերը, իսկ մուտքը արգելող նշանները անհետացել են: Թունաքիմիկատների գերեզմանոցի վերին շերտը ներկայում ամբողջությամբ վնասված է, վերին շերտում թաղված թունաքիմիկատներն արտաբերվել են ու ցրվել տարածքում, շարքից դուրս է բերվել ջրահեռացման համակարգը, տապալվել են փշալարերի հենասյունները, դարպասը կոտրվել է:

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքում ստեղծված իրավիճակը բնորոշվում է որպես արտակարգ իրավիճակ: Հարկավոր է հավաքել տարածքում ցրված թունաքիմիկատները եւ ախտոտված հողաշերտը, հավաքել սուր ծակող առարկաները եւ թաղել, ծածկել թունաքիմիկատների գերեզմանոցի վերին շերտը հաստ ռուբիրոիդ (տոլ)  թաղանթով (մինչև 3500 քառակուսի մետր), ծածկել ռուբիրոիդի թաղանթը կավահողով (ոչ պակաս 40սմ հաստությամբ) եւ սեղմել, մաքրել ջրահեռացման համակարգը, վերականգնել վնասված հատվածները եւ կառուցել նոր ջրահեռացման համակարգ` կասկադի տեսքով։

Հաշվի առնելով թունաքիմիկատների գերեզմանոցի խիստ վտանգավորությունը եւ ստեղծված արտակարգ իրավիճակը, մինչեւ թունաքիմիկատների ոչնչացման կամ սողանքային մարմնի վրայից տեղափոխման հարցերի լուծումը, գերեզմանոցի հողաշերտի եւ այլ կառուցվածքների վնասումը բացառելու նպատակով կառավարությունն անհրաժեշտ է համարում այդ տարածքում իրականացնել պահակային ծառայություն: