ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ արված հայտարարությունը շատ հստակ էր: Այս մասին այսօր` հունվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձին:

«ՀԱՊԿ անդամ երկրները ղարաբաղյան հարցով գնահատական տվել են երեւանյան գագաթնաժողովի ժամանակ ընդունված հայտարարության միջոցով: Դիվերսիոն փորձի հետ կապված գլխավոր քարտուղարի հայտարարությունը, կարծում եմ, շատ հստակ էր: Գլխավոր քարտուղարը ՀԱՊԿ-ի կարեւորագույն ինստիտուտներից մեկն է եւ նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածում արտահայտում է կազմակերպության կարծիքը»,- ասաց նախարարը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ադրբեջանական դիվերսիային արձագանքել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան. «ՀԱՊԿ անդամ պետության տարածքում նման գործողությունները գնահատում ենք որպես սադրանք, հատկապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այս տարվա ապրիլին ծանր զինատեսակների եւ զրահատեխնիկայի կիրառմամբ բավականին ծանր միջադեպի ֆոնին։ Թվում էր, թե երկու կողմերի, ինչպես նաեւ որոշ պետությունների առաջնորդների կողմից ձեռնարկած ջանքերը հաշվի առնելով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը վերջապես ավելի ակտիվ կընթանա։ Սակայն վերջին ժամանակներս տարածաշրջանից ստացվող հրադադարի մասին համաձայնությունների խախտման մասին տեղեկությունները, հատկապես դեկտեմբերի 29-ի միջադեպը, որը զինծառայողների մահվան պատճառ է դարձել, լուրջ մտահոգության տեղիք է տալիս»։

Հիշեցնենք, որ ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ` ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը եւ Էրիկ Գարիկի Աբովյանը: