Կրասնոդարի երկրամասում մահացած են գտել ոստիկանության փոխգնդապետ Դմիտրի Սորոկինին: Նրա անունը արդեն հասարակության ուշադրության կենտրոնում էր հայտնվել, երբ հոկտեմբերի 24-ին Սորոկինը վրաերթի էր ենթարկել հետիոտնին, ով տեղում մահացել էր:

«41-ամյա Սորոկինի մարմինը հայտնաբերել են Պաշկովսկի ավանի երկաթգծի կայարանի աշխատակիցները` հոկտեմբերի 28-ի երեկոյան ժամը 19-ին: Նրա ձախ ձեռքի բազուկի վրա կտրվածք է եղել: Մարմնի կողքին գտել են նրա ոստիկանական վկայականը, կոտրված շիշ, որով, ենթադրաբար, նա կտրել է երակները, ինչպես նաեւ հանգստացնող դեղամիջոցներ»,- պատմել է Կրասնոդարի դատախազության հետաքննչական վարչության քննիչ Կոնստանտին Զախարովը:

Հոկտեմբերի 24-ին Սորոկինը հարբած վիճակում կանգառում վրաերթի է ենթարկել 45-ամյա հետիոտնին, ով տեղում մահացել է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սորոկինն այդ օրը նշում էր հերթական աստղի ավելացումն իր ուսադիրներին: Նրան փոխգնդապետի կոչում էին տվել:

Սորոկինի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նրան ստորագրությամբ բաց են թողել եւ նրան սպառնում էր մինչեւ 7 տարվա ազատազրկում: Հետագայում փոխգնդապետը չէր ներկայացել հարցաքննության եւ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: