Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի փողոցներից մեկը վերջերս վերանվանել են ներկայիս գյուղապետի անունով: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հունվարի 9-ին, գյուղապետ Ֆրոնտիկ Թեւոսյանը նշեց, որ գյուղացիներն իր 72-ամյակին նման նվեր են մատուցել նրան:
«30 տարի ա աշխատում եմ գյուղապետարանում եւ իմ 72-ամյակի կապակցությամբ գյուղի փողոցներից մեկը կոչել ենք իմ անունով՝ Ֆրոնտիկ Թեւոսյան, էդքան բան: Ծննդյանս կապակցությամբ գյուղացիներից մեկը ավագանուն առաջարկություն է արել եւ ավագանին էլ էդ փողոցն իմ անունով է կոչել»,-ասաց գյուղապետը:
Նոր Գեղիի գյուղապետը նշեց, որ իր ծննդյան կապակցությամբ գյուղացիների կողմից արված միակ անակնկալը չէ սա. 12 տարի առաջ՝ իր 60-ամյակի կապակցությամբ գյուղի երաժշտական դպրոցն է անվանակոչվել իր անունով եւ այժմ այն կոչվում է Նոր Գեղիի «Ֆրոնտիկ Թեւոսյանի» անվան երաժշտական դպրոց:
«Դե գյուղի երաժշտական դպրոցն էլ 12 տարի առաջ էինք իմ անունով կոչել. նայել եմ, նորոգել եմ, օգնել եմ դպրոցին եւ դպրոցն իմ անունով են անվանել»,-ասաց նա:
Նոր Գեղիում սա առաջին դեպքը չէ, երբ գյուղի փողոցները, դպրոցը, մշակութի տունն ու այլ հաստատություններ գյուղացիների անունով են վերանվանվում: Պարզվում է, որ մի քանի տարի առաջ էլ գյուղի մշակույթի տունն ու մի ամբողջ թաղամաս գյուղացիներից ոմն Ցոլակ Խաչատրյանի պատվին է վերանվանվել:
«Նման բան կա մեր գյուղում, ունենք Ցոլակ Խաչատրյան, որը գյուղում 500 հա այգի է հիմնել, բարձրահարկ տներ է կառուցել եւ մի ամբողջ թաղամաս եւ մշակույթի տուն կոչել ենք նրա անունով»,-ասաց նա:
Նշենք, որ այս դեպքին անդրադարձել է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ նշելով, որ գյուղի ավագանու որոշումն անբարոյական է. «Անվանակոչել կարող էիք միայն մահից 10 տարի անց, այդպես է պահանջում որոշումը: Բացի որոշումից, որը նույնպես շատ խնդրահարույց է, գյուղի ավագանու որոշումն անբարոյական է»:




























