Google ընկերության ծրագրավորողները խոստովանել են, որ Գո-ում խաղի խորհրդավոր «վարպետը», որը վերջին մի քանի շաբաթներին օնլայն խաղերում հաղթել է հարյուրավոր թոփ խաղացողների, իրականում AlphaGo արհեստական ինտելեկտն է: Այս մասին հայտնում է Nature-ը:
Դեկտեմբերի վերջին երկու խոշոր եւ տարածված Tygem եւ FoxGo խաղային համակարգերում Գո-ում նոր խաղացող էր հայտնվել, որն իրեն անվանում էր «Master(P)»: Նա պարտության է մատնել մի քանի տասնյակ շատ ուժեղ վարպետների եւ դարձել այդ հին չինական խաղին նվիրված ֆորումների բանավեճերի թեման:
Երբ այս «հանդուգն նորեկին» պարտվել է հայտնի վարպետ Գու Լին, Master(P)-ն էլ ավելի հանրաճանաչ է դարձել, քանի որ պարտված չինացին խոստացել է 100 հազար յուանով պարգեւատրել նրան, ով կհաղթի իրեն վիրավորողին:
Master(P)-ն եւս 50 խաղ է խաղացել, որոնցից միայն մեկն է տեխնիկական պատճառներով ոչ-ոքի ավարտվել: Խաղերը վերլուծելով՝ պարտված վարպետները սկսել են կասկածել, որ իրենց հակառակորդը հավանաբար մարդ չէ, այլ արհեստական ինտելեկտի զարգացած համակարգ:
Այս կասկածները հաստատվել են հունվարի առաջին օերին, երբ AlphaGo-ն ստեղծողներից մեկը՝ Դեմիս Խասաբիսը իր միկրոբլոգում խոստովանել է, որ Master(P)-ն իրականում արհեստական ինտելեկտի իրենց համակարգն է:
Խասաբիսը պարզաբանել է, որ «ազատության» մեջ արհեստական ինտելեկտի նման գաղտնի փորձարկումը AlphaGo-ի նոր տարբերակի թողարկման նախապատրաստություն է, որը այս տարվա ամռանը Գո-ում կրկին կմրցի ուժեղագույն խաղացողների հետ:
AlphaGo արհեստական ինտելեկտի համակարգը 2014 թվականին մշակել են Դեւիդ Սիլվերը եւ Google ընկերության DeepMind ստորաբաժանման նրա գործընկերները, որի աշխատանքը «թեստավորվել» է Եվրոպայի չեմպիոն Ֆան Հոեի հետ խաղով, որը բոլոր հինգ խաղերը պարտվել է: Անցյալ տարվա մարտին AlphaGo-ն հաղթել է Գո-ի աշխարհի չեմպիոն Լի Սեդոլին 5 հանդիպումից բաղկացած խաղաշարում, որոնցից միայն մեկն է ավարտվել մարդու հաղթանակով:
Սիլվերը եւ նրա գործընկերները այսպիսի հաջողությունների են հասել իրենց արհեստական ինտելեկտը ոչ թե մեկ, այլ միանգամից երկու նեյրոնային ցանցերի հիման վրա կառուցելով, որոնք հատուկ ալգորիթմներ են եւ նմանակում են մարդու ուղեղի նեյրոնների շղթաների աշխատանքը: Դրանցից մեկը պատասխանատու է խաղատախտակի ընթացիկ իրավիճակի գնահատման համար, իսկ երկրորդն օգտագործում է վերլուծության արդյունքները, որոնք պատրաստում է առաջին ցանցը, որպեսզի ընտրի հաջորդ քայլը:





























