Microsoft-ը Հայաստանի իշխանությունների եւ մասնավոր հատվածի հետ բանակցություններ է վարում հեռաբժշկության հարթակների ներդրման շուրջ: Այս մասին NEWS.am-ին ասաց Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում Microsoft-ի գրասենյակի  առողջապահության բաժնի ղեկավար Լորենցո Պենգոն:

Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ախտորոշում կատարել հեռավորության վրա, նաեւ հեշտանում է հիվանդության պատմության հաշվառման վարումը եւ դուրս գրվելուց հետո հիվանդների մոնիթորինգը: Պրակտիկան ցույց է տալիս, որ այդպիսի տեխնոլոգիաները թույլ են տալիս սպասարկելիս մեկ հիվանդի հաշվարկով տնտեսել 5-ից մինչեւ 20 տոկոս, իսկ առանձին դեպքերում՝ նաեւ մինչեւ 40 տոկոս:

«Մենք այդպիսի պիլոտային ծրագրեր արդեն ունեցել ենք Ռումինիայում, Լեհաստանում, Չեխիայում, Ռուսաստանում, Հունգարիայում: Մենք ցանկանում ենք պարզել, թե որքանով են այդ տեխնոլոգիաները պատրաստ Հայաստանում կիրառելու համար: Այդպիսի նախագծերի համար մենք առաջարկում ենք ամպային տեխնոլոգիայով Office 365 հարթակը: Իսկ դա նշանակում է, որ կարող ենք ապահովել նաեւ տվյալների անվևտանգ պահպանում»,- նշեց Պենգոն: