ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները պետք է հասցեական լինեն։ NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱԺ Արտաքին կապերի  մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ մեկնաբանելով նախօրեին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարությունը։

Համաձայնելով, որ հունվարի 9-ին դեկտեմբերի 29-ի դեպքերի մասին  հայտարարություն տարածելը մի փոքր ուշացած է, պատգամավորը նշեց, որ տրամաբանական չէ ագրեսիայի ուշացած արձագանքը կապել տոների հետ։

Միաժամանակ Արտակ Զաքարյանը նշեց, որ անհասցե հայտարարությունները միայն համալրում են ֆորմալ հայտարարությունների շարքը։ «Մինսկի խումբը կարեւոր առաքելություն ունի, եւ նրա ջանքերը շատ կարեւոր են խաղաղ կարգավորման համար։ Համանախագահները քաղաքական եւ իրավական ռեսուրսներ ունեն Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջինս կատարի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների պայմանավորվածությունները միջադեպերի հետաքննության  մեխանիզմներ կիրառելու մասին։ Միայն այդպես հնարավոր կլինի միջազգային հանրությանը ներկայացնել իրական պատկերը։ Հակառակ դեպքում Ադրբեջանը փորձելու է լարվածություն սերմանել՝ սպառնալիք ներկայացնելով տարածաշրջանի համար»,– նշեց պատգամավորը եւ հավելեց, որ ադրբեջանական կողմը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին։

«Ադրբեջանը շահագրգռված է հակամարտությունը սրելու մեջ։ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը հակված են պահպանել պայմանավորվածությունները եւ միշտ խաղաղ կարգավորման կողմնակից են»,– ասել է Զաքարյանը։

Ինչ վերաբերում է ադրբեջանցի դիվերսանտի մարմինը հայրենիք վերադարձնելուն, պատգամավորը նշեց, որ ադրբեջանցի զինվորները պետք է մնան իրենց զորամասերում, այլ ոչ թե հայտնվեն հայկական խրամատներում, այդ ժամանակ խաղաղություն կլինի, իսկ գործընթացը կտանի կարգավորման։