Facebook սոցիալական ցանցը գործարկել է օգտատերերի տեսանյութերի մոնետիզացիայի նոր համակարգի փորձարկումը, որը նախատեսում է գովազդ ցուցադրել տեսանյութի կեսից, գրում է Recode–ը՝ վկայակոչելով նախագծին ծանոթ իր աղբյուրները։
Պարբերականի զրուցակիցները պնդում են, որ գովազդատուները կարող են այն միացնել տեսանյութից 20 վայրկյան անց, ընդ որում, տեսանյութը պետք է տեւի 90 վայրկյանից ոչ պակաս։ Գովազդի եկամուտների 55 տոկոսը կստանան այն օգտատերերը, որոնք հրապարակել են սկզբնաղբյուր տեսանյութը, մնացած մասը բաժին է հասնելու սոցցանցին։
Facebook–ի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել նոր գովազդային ձեւաչափի մասին տեղեկությունները։
Recode–ը նշում է, որ նման համակարգը կարող է դառնալ առաջին դեպքը, երբ տեսանյութի հեղինակներն իրենց տեսանյութի դիմաց ուղղակիորեն կստանան գումարի զգալի մասը։





























