Իսրայելցի երկրաֆիզիկոսները հայտարարել են, որ Լուսինը ձեւավորվել է Երկրի եւ մեծ թվով այլ մոլորակների բախման հետեւանքով: Այս մասին հետազոտությունը հրապարակվել է Nature Geoscience ամսագրում, հայտնում է The Guardian-ը:
Գիտնականները պարզել են, որ արբանյակի առաջացման համար բավարար է 20 երկնային մարմինների հետ Երկրի բախումը, որոնցից ամենախոշորներն իրենց չափերով կարող են համեմատվել Լուսնի ե Մարսի հետ: Մասնագետները ենթադրում են, որ բախման հետեւանքով առաջացած բեկորները մոտ 100 մլն տարիների ընթացքում կարող էին ձեւավորել մեր մոլորակի ներկայիս արբանյակը:
Գիտնականներն այս եզրակացությանն են եկել կատարելով համակարգչային մոդելավորման շարք: Նրանց կարծիքով՝ իրենց բացահայտումը թույլ է տալիս հեշտորեն լուծել Երկրի եւ Լուսնի քիմիական կազմի նմանության խնդիրը:
Արբանյակի առաջացման տարածված վարկածի համաձայն, որը ձեւակերպվել է 1970-ական թվականների կեսերին, Երկիրը բախվել է Մարսի չափերն ունեցող երկնային մարմնի բեկորներին: Դրա հատվածներից էլ հետագայում Լուսինն է ձեւավորվել:





























