WeChat մեսենջերը, որը պատկանում է Tencent հեռահաղորդակցության ընկերությանը, օգտատերերին սկսել է կողմնակի մշակողներից «մինիծրագրեր» առաջարկել, հայտնում է Financial Times-ը:
Օգտատերերին հասանելի են գրեթե 100 հավելվածներ, օրինակ՝ Didi տաքսիի պատվերի ծառայությունը եւ JD.com առեւտրի հարթակը: WeChat մինիհավելվածի միջոցով կատարվող գնումները վճարվում են Tencent-ի վճարային համակարգի միջոցով: Հավելվածները միանման են աշխատում Android եւ iOS հարթակներում:
Tencent-ը հայտարարել է, որ հարթակը թողարկել է հունվարի 9-ին՝ ի հիշատակ Սթիվ Ջոբսի, որը 10 տարի առաջ այդ օրը առաջին IPhone-ն է ներկայացրել: Tencent-ի գլխավոր տնօրեն Մա Հուատենյայի խոսքով՝ Apple-ը ընկերությանն արգելել է իր մինիհավելվածներն apps անվանել (AppStore-ում հավելվածների նմանությամբ):
WeChat մեսենջերից ամեն օր գրեթե 750 մլն մարդ է օգտվում: FT-ն նշում է, որ WeChat-ի գործառնությունը Չինաստանում Apple-ի համար նոր սպառնալիք է դարձել: Չինաստանում Apple-ի եկամուտները 2016-ի սեպտեմբերի դրությամբ մեկ հինգերորդով կրճատվել են:





























