Հարավային Կորեայի նախագահ Փակ Կըն Հեի իմփիչմենթին հանգեցրած կոռուպցիայի գործը քննող հատուկ հանձնաժողովը որպես կասկածյալ հարցաքննության է կանչել Samsung Electronics-ի փոխնախագահ Լի Չժե Յոնին, որը փաստացի ընկերության ղեկավարն է, փոխանցում է «Ռենհափ» գործակալությունը:
Ըստ քննիչների՝ նրա ընկերությունը կարող էր ֆինանսապես աջակցել Ցոյ Սուն Սիլին՝ երկրի նախագահի ընկերուհուն եւ կոռուպցիոն սկանդալի գլխավոր ֆիգուրանտին, դրա դիմաց բիզնեսում որոշակի առավելություններ ստանալով: Խոսքը Գերմանիայում Ցոյի կողմից վերահսկվող ընկերության հաշվին 22 մլրդ վոնի (մոտ 18 մլն դոլար) փոխանցելու մասին է՝ քոնսալթինգային ծառայություններ մատուցելու համար: Մինչդեռ դատախազությունը կասկածում է, որ այդ գումարը ծախսվել է ձիեր, հանդերձանք ձեռք բերելու եւ Ցոյի դստերը ձիավարություն սովորեցնելու համար:
Դրա դիմաց Ցոյը, օգտագործելով երկրի ղեկավարի հետ իր կապերը, իբր ճնշում է գործադրել թոշակային հիմնադրամի վրա, որպեսզի այն հավանություն տա Samsung եւ Cheil Industries Inc ընկերությունների միաձուլմանը: Քննիչները կարծում են, որ նախագահ Փակ Կըն Հեն եւ նրա շրջապատը այդպիսով ցանկացել են շնորհակալություն հայտնել երկրի խոշորագույն ընկերություններից մեկին նախագահի ընկերուհուն մատուցած ծառայությունների համար:





























