ՀՀԿ-ի կառույցները, մշտապես պատրաստ են ընտրություններին, քանի որ ՀՀԿ-ն ունի բավական կուսակցական գրասենյակներ, որոնք ամենօրյա գործունեություն են ծավալում: Այսօր` նոյեմբերի 2-ին մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը:
Նա սակայն դժվարացավ միանշանակ ասել, թե ՀՀԿ-ին քանի տոկոս կհաջողվի հավաքել առաջիկա ընտրություններով, նշելով, որ նման կանխատեսում անելը «կանխավարկածային է»:
«Այժմ չկա այն քաղաքական շունչը, որ կարելի լինի դա ասել: Մյուս ընտրաթիմերը, առավել եւս ընդդիմությունը պետք է ավելի շուտ սկսեին գործունեություն ծավալել: Այս ընթացքում շատ քիչ գործ են կատարել: Նրանք խնդիր ունեն ծրագրեր ներկայացնել, որ կամաց-կամաց ժողովրդի վերաբերմունքն իրենց կողմը թեքեն»,- ասաց նա, ընդգծելով, որ ՀՀԿ-ն խնդիր ունի մինչեւ նոր ընտրություններ կատարել իր այն բոլոր խոստումները, որոնք տվել է ժամանակին:
Հարցին, թե իր ո՞ր խստումներն է կատարել ՀՀԿ-ն այս ընթացքում, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ֆորսմաժորային մի ժամանակաշրջան ապրեցինք: Որեւէ մեկը չէր մտածում, որ ճգնաժամ կլինի, բայց անգամ այդ պայմաններում կարողացել ենք բավական խնդիրներ լուծել: Սոցիալական բլոկին ձեռք չենք տվել: Իսկ կատարել ենք շատ մեծ ծրագրեր: Մենք միակ պետությունն ենք, որ երբեք սոցիալական բլոկին ձեռք չենք տվել:
Ֆրանսիան մինչեւ հիմա սոցիալական բլոկի հետ խնդիրներ ունի: Իհարկե, սա չի նշանակում, որ մենք էնպիսի հանապազօր հարց ենք լուծել, որ խնդիրներ չկան: Այն ինչ արվել է, կարող էր եւ չգոհացնել ժողովրդին, բայց կանգնեցրել ենք ճգնաժամի ընթացքը, եւ առաջընթաց գրանցել»:




























