Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացը կա՜մ պետք է սկսվեր շատ շուտ, կա՜մ հիմա դա չի բերի որեւէ որակական փոփոխության: Այս մասին այսօր` նոյեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանում ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ «Ժառանգության» ներկայացրած օրնագիծը:
«Եթե մեր ճանաչումից հետո ոչ մի երկիր չի ճանաչելու Ղարաբաղը, ապա դա կարող է բերել տարածաշրջանի ապակայունացման»,- ասաց նա, հավելելով. «Ես ողջունում եմ «Ժառանգության» առաջարկը, բայց պետական շահերից ելնելով կարծում եմ, որ այդ որոշումը քվեարկության չդնելը միակ ճիշտ ձեւն էր»:
«Նոր ժամանակների» ղեկավարը նաեւ նշեց, որ չի կարծում, որ ՀՀԿ-ն կարող է դեմ քվեարկել այդ օրինագծին: «Նախ ասում էին, թե դեմ կքվեարկեն, բայց ինչ-որ խելոք մարդիկ խորհուրդ տվեցին չքվեարկել: Եթե անգամ օրինագիծը Աստանայի ԵԱՀԿ գագաթաժողովից հետո քվեարկության դնելու դեպքում որեւէ մեկը մեզնից բացի չի ճանաչելու ԼՂ անկախությունը, ուրեմն նշանակում է որ շանտաժ ենք անում միջազգային հանրությանը, իսկ դա լավ բանի չի հանգեցնի»,- ասաց նա:




























