Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ Հայաստանի Կենտրոնական բանկը որեւէ առնչություն չպետք է ունենա կենսաթոշակային եւ ապահովագրական ոլորտների կարգավորման հետ։ Նրա խոսքով՝ այդ ոլորտները դեռեւս 8-9 տարի առաջ փոխանցվեցին Կենտրոնական բանկին, որի նախագահն այն ժամանակ ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանն էր։
«Տիգրան Սարգսյանի խոսքը Ռոբերտ Քոչարյանի մոտ ավելին էր, քան Անդրանիկ Մարգարյանինը, սակայն թե ինչ կապ ուներ ԿԲ-ն կենսաթոշակային բարեփոխումների հետ՝ ոչ ոք չգիտի»,- այսօր` նոյեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հ. Բագրատյանը:
Նրա խոսքով՝ կենսաթոշակային իրավիճակը Հայաստանում աղետալի վիճակում է, այնինչ իր վարչապետության վերջին տարում ավելի լավ է եղել:
Ասվածն ապացուցելու համար նա համեմատեց Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի եկամուտները 1995 եւ 2010 թվականներին: Ըստ այդմ` 1995 թ. Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 17,4 դոլար, Ադրբեջանում` 14, Վրաստանում` 10: Միեւնույն ժամանակ՝ միջին կենսաթոշակը կազմել է Հայաստանում` 5,9 դոլար, Վրաստանում`4, Ադրբեջանում` 5:
Իսկ ահա 2010 թ. առաջին ինն ամիսների տվյալներով՝ Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 286 դոլար, Վրաստանում` 323, Ադրբեջանում` 390, իսկ միջին կենսաթոշակը Հայաստանում` 60, Վրաստանում` 48, իսկ Ադրբեջանում` 110: Այսպիսով, ըստ Բագրատյանի, կենսաթոշակների եւ աշխատավարձերի աճով Հայաստանը հետ է մնում իր հարեւաններից։
Մյուս կարեւոր խնդիրն այն է, որ 1995 թ. Հայաստանում միջին կենսաթոշակը կազմել է աշխատավարձի 34 տոկոսը, իսկ այժմ 20 տոկոս է, այնինչ աշխարհում նորմալ ցուցանիշ է համարվում մոտ 50 տոկոսը: Ըստ Բագրատյանի՝ կառավարությունը կենսաթոշակի չափը պետք է ֆիքսի աշխատավարձի 40-45 տոկոսի մակարդակում եւ ձգտի հասնել դրան։
Բագրատյանը տարակուսանքով է մոտենում կառավարության այն ծրագրին, ըստ որի մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներում բյուջեից պետք է ներդրումներ կատարվեն աշխատավարձի 5 տոկոսի չափով։ Նրա կարծիքով՝ այդ վճարները պետք է կատարեն օլիգարխները, այլ ոչ թե պետությունը։ Նրա հաշվարկներով՝ կենսաթոշակային հիմնադրամներում կկուտակվի մոտ 600 մլն դոլար, որի 300 մլն դոլարը պետք է ներդնի կառավարությունը։ Հաշվարկի հիմքում ընկած է «1,1 մլն աշխատող եւ 110 հազ. դրամ միջին աշխատավարձ» ցուցանիշները։





























