Իրանի քաղաքական դաշտում հակառուսական տրամադրված գործիչների որոշակի խումբ կա ։ Այս մասին հայտնել է քաղաքագետ Կարինե Գեւորգյանը, NEWS.am -ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով նախկին նախագահ Ակբար Հաշեմի Ռաֆսանջանիի հուղարկավորության ժամանակ հակառուսական բղավոցների մասին լրատվամիջոցների հաղորդագրությունները։
«Իրանում բավականին ակտիվ քաղաքական կյանք կա, ու բողոքի ելույթներ եղել են նաեւ առաջ»,- նշել է քաղաքագետը, հավելելով, որ Ռուսաստանին վերաբերող դժգոհությունը պայմանավորված է նրա տարածաշրջանային քաղաքականության որոշ ասպեկտներով, նաեւ այն ավստահությամբ, որն առաջացնում է Ռուսաստանի ու Թուրքիայի մերձեցումը։ «Իրանյան քաղաքական դաշտում կան մի խումբ մարդիկ,որոնք հակառուսական տրամադրվածություն ունեն»,- փաստեց քաղաքագետը, հիշեցնելով «Համադան» բազային ու ռուս ռմբակոծիչներին վերաբերող պատմությունը։ «Այդուհանդերձ, արտաքին ուրվագծում իրանական քաղաքական գործիչները բավականին համախմբված են»- շեշտեց Կարինե Գեւորգյանը, նկատելով, որ տեղի ունեցող իրադարձությունների ետեւում չարժե երրորդ ուժերի հետք որոնել ։ Ինչ վերաբերում է Իրանում հակառուսական տրամադրությունների խորացման հնարավորությանը, քաղաքագետը նշեց, որ դա կախված է բոլոր կողմերից։ «Ռուսաստանը նույնպես պետք է ուշադրություն դարձնի դրան»,- հիշեցրեց Գեւորգյանը։ Նրա կարծիքով, ստեղծված իրավիճակում իրանցի քաղաքական գործիչները կարող են փորձել մեծ միավորներ հավաքել, սակայն հարաբերությունների վատացման, առավել եւս խզման մասին խոսելը դժվար թե տեղին լինի։
Նկատենք, որ իրանական լրատվամիջոցների վարկածով, հակառուսական ակցիայի մասին հաղորդագրությունների սկզբնաղբյուրը եղել է թուրքական Anadolu գործակալությունը ու Արաբական Al Arabiya–ն։ Միաժամանակ իրանական լրատվամիջոցները պնդում են, որ սգո արարողությանն ավելի քան 2 մլն մարդ էր մասնակցում։ 15-20 հոգուց բաղկացած մի խումբ բղավել է «Կորչի՛ Ռուսաստանը», «Ռուսական դեսպանատունը լրտեսական որջ է» կարգախոսները։ Այսինքն անմիջականորեն ռուսական դեսպանատան դեմ ուղղված որեւէ ակցիա չի եղել, պնդում են պարբերականները։





























