ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին ամեն ինչ անելու է, որ բոլոր ռեսուրսները պատկանեն մեկ կուսակցության եւ մեկ մարդու, քանի որ արտաքին դաշտում խնդիրների պայմաններում պետք է կենտրոնացնել ամեն ինչ: Այսօր` նոյեմբերի 2-ին մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, հավելելով. «Սա դասական քաղաքական օլիգոպոլիայի միջոցով իշխանությունը պահելու ձեւ է: ԲՀԿ-ն էլ ցանկանում է կոալիցիայի մեջ ինքը ավելի մեծ տեղ ունենալ»:

Նա հայտարարեց, որ ՆԺԿ-ն գտնվելու է արմատական դաշտում` արմատական գործընկերների հետ: «Եթե իրավիճակ չփոխվեց, ընտրություններով որեւէ բան չի փոխվելու: Մեր արմատական գործընկերների հետ ընտրությունները պետք է օգտագործել Հայաստանում ժողովրդի ընդվզումն ապահովելու համար»,- ասաց նա:

Արամ Կարապետյանը նաեւ մի շարք ուշագրավ կանխատեսումներ արեց: Նրա խոսքով, 2013-ի նախագահական ընտրություններում իրեն ու Րաֆֆի Հովաննիսյանին չեն գրանցելու նախագահի թեկնածու, փոխարենն ընտրելու են նոր մարդու, ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

«Այդ նոր մարդը ընդդիմությունից է լինելու, ով անջատվելու է ընդդիմությունից, ներկայանալու է որպես նոր դեմք, որին հաղթելու է Սերժ Սարգսյանը»,- ասաց Ա. Կարապետյանը, ընդգծելով, որ դա իշխանության նոր ծրագիրն է:

«Ես այդ մարդու անունը չեմ ասի, թեեւ գիտեմ: Բայց այդ ծրագիրը չի աշխատելու»,- համոզմունք հայտնեց նա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ՆԺԿ ղեկավարը կարծիք հայտնեց, որ այդ կուսակցությունում 70 տոկոսը զբաղված է պրոպագանդայով եւ ագիտացիայով, որոնք հիեցնում են ԽՍՀՄ տարիները: