ԼՂՀ պաշտպանության բանակի վիրավորված զինծառայող Գարիկ Վարդանյանը գիտակցության է եկել: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց զինծառայողի տատիկը` Զոյա Մարգարյանը: Զինծռայողի տատիկը, սակայն, նշեց, որ թոռան վիճակը շարունակում է մնալ ծանր:
«Մի թեթեւ սեղմել է ծնողների ձեռքը, կարողանում է արդեն շնչել ինքնուրույն, ուղեղի այտուցն էլ փոքրացել է: Բայց դեռ ինքնուրույն չի կարողանում սնվել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արեւելյան ուղղությամբ հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ծանր վիրավորվել է ԼՂՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանը։ Նրան Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ուղղաթիռով տեղափոխել են Երեւան: Նա հունավարի 17-ին պետք է զորացրվեր, Գարիկը Արարատի մարզի Այգեստան գյուղից է:





























