NEWS.am–ի հետ զրույցում Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն խոսել է հայ–բրազիլական առեւտրային հարաբերություններից, Բրազիլիայի տնտեսական դժվարություններից եւ տնտեսության վերականգնման փորձերից։
2016-ին Հայաստանի եւ Բրազիլիայի տնտեսական համագործակցության ոլորտում դրական տեղաշարժ գրանցվե՞լ է։
Մենք պետք է հիշենք, որ 2016-ը շատ երկրների համար վերականգնվելու տարի էր այն բանից հետո, երբ 2015-ի ճգնաժամը Ռուսաստանում եւ Չինաստանում ազդեց մեր արտահանման վրա։ Դա, իհարկե, անդրադարձավ մեր գնողունակության վրա։ Այդ պատճառով 2015 թվականին Բրազիլիայից արտահանումը Հայաստան եւ այլ երկրներ էապես կրճատվել է։
Առեւտուրը մեր հարաբերությունների էական մասն է։ Այդ պատճառով մենք շատ դժգոհ էինք, երբ այն 40 տոկոսով կրճատվեց։ Սակայն 2016-ին այն շոշափելիորեն վերականգնվեց։ Շաքարի, ծխախոտի, սարքավորումների որոշ տեսակների ոլորտում մեծ աճ գրանցվեց, միայն մսի առեւտրում նախկին մակարդակը չի վերականգնվել, սակայն այն չի էլ նվազել։ 2016 թվականը վերականգնման տարի էր ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Բրազիլիայի եւ երկկողմ առեւտրի համար։ Դա ամենակարեւոր փաստն է մեր տնտեսական հարաբերություններում։
Կկարողանա՞ Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը կարգավորել երկրում տիրող ճգնաժամը։
Նախագահ Տեմերն իր պաշտոնը զբաղեցնում է 2016-ի մայիսից։ Նա շատ ծանր տնտեսություն է ժառանգել։ Բրազիլիայի ՀՆԱ–ն 2.6 տրլն դոլարից նվազել է մինչեւ 1.7 տրլն–ի։ Դա մոտ 900 մլրդ դոլարի անկում է։ Գործազրկության մակարդակը հասել է 8.5 տոկոսի։ Նախագահ Տեմերը եւ նրա նախարարները կրճատել են կառավարության ծախսերը։ Օրենքի համաձայն՝ կառավարության ծախսերը հաջորդ 20 տարիներին կարող են աճել միայն գնաճը փոխհատուցելու նպատակով։ Տեմերի նախագահի նախաձեռնությունը Կոնգրեսում ճնշող մեծամասնություն է ստացել։
Նա նաեւ փոխել է կառավարական ձեռնարկությունների գործառնության ոճը։ Բրազիլիայում նավթն արտադրում է պետական Petrobras ընկերությունը, էլեկտրաէներգիայի մեծ մասը՝ պետական Eletrobras ընկերությունը։ Եվ, ցավոք, այդ ընկերություններում որոշակի անարդյունավետ կառավարում է եղել։ Գումարները ծախսվել են ոչ ամենաարդյունավետ կերպով։ Հիմա նոր կանոնակարգ է ընդունվել, թե ինչպես պիտի այդ ընկերությունները տնօրինեն իրենց բյուջեն։
2016-ի նոյեմբերին Բրազիլիայում ներդրումների աճ է գրանցվել, սակայն դա դեռեւս բավարար չէ նախորդ տարիների ներդրումների կրճատումը փոխհատուցելու համար։











