Հունգարիայի Սեգեդա քաղաքի դատարանը N1TV մասնավոր համացանցային հեռուստաալիքի լրագրող Պետրա Լասլոյին 3 տարի ժամկետով պայմանական ազատազրկման է դատապարտել սիրիացի փախստականի ոտքին հարվածելու համար, հայտնում է AFP-ն:
Միջադեպը տեղի է ունեցել 2015 թվականին Հունգարիայի հարավում՝ փախստականների ընդունման կետի մոտ: Հոլովակում երեւում է, թե լրագրողն ինչպես է ոտքը դնում երեխային գրկած վազող միգրանտի ոտքի տակ, որի հետեւանքով տղամարդն ընկնում է: Համացանցում տեղադրված հոլովակը մեծ արձագանք է ունեցել:
Պետրա Լասլոն աշխատանքից հեռացվել է, իսկ 2016-ի սեպտեմբերին Սեգեդայի դատախազությունը նրա դեմ քրեական հետաքննություն է սկսել խուլիգանության մեղադրանքով: Լրագրողն իր արարքի համար ներողություն է խնդրել՝ պատճառաբանելով, որ գործել է խուճապի վիճակում, վախենալով իր ուղղությամբ վազող մարդկանց բազմությունից:











