Զանգվածային անկարգությունների կազմակերպման համար Ղրղըզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի եղբորորդին՝ Սանժարը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման` խիստ ռեժիմի գաղութում:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս տարվա մայիսին՝ հեղաշրջումից մեկ ամիս անց Բակիեւի հայրենի Ջալալաբադում անկարգություններ էին բռնկվել: Ցուցարարները զավթել էին Ջալալաբադի մարզային վարչակազմի շենքը: Շենքի ազատման ժամանակ զոհվել էր երկու մարդ:
Պետական մեղադրողները Սանժար Բակիեւի համար 25 տարվա ազատազրկում էին պահանջել: Փաստաբանները պնդում էին, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի եւ պահանջում էին արդարացնել նրան: Դատարանը մեղավոր է ճանաչել Բակիեւի ազգականին, բայց արդարացրել է սպանության եւ սպանության փորձի մեղադրանքներով:




























