Արգենտինական Բուենոս Այրեսի արվարձանում կողոպտիչների խումբը 30 վայրկյանում բանկ է թալանել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Todo Noticias հեռուստաալիքը:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 11-ին, բայց այդ մասին միայն հիմա է հայտնի դարձել: Չորս դիմակավորված զինված անձինք Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայով մոտեցել են Տիգրե քաղաքի բանկին, երկուսը դուրս են եկել մեքենայից, կոտրել ապակե դուռն ու շենք ներխուժել: Երրորդ հանցագործը մեքենայում է սպասել, իսկ չորրորդը զենքով հսկել է փողոցը:
Կողոպուտը 24 վայրկյան է տեւել, եւս 6 վայրկյան պահանջվել է, որպեսզի գողերից մեկը վերցնի մեքենայի մոտ ընկած առարկան ու հեռանա:
Հանցագործները 750 հազար պեսո (47 հազար դոլար) են տարել: Ականատեսների հաղորդմամբ՝ միջադեպի ընթացքում մի քանի կրակոց է հնչել:
Ոստիկանությունը որոնում է հանցագործներին:











