Իրան հայկական արտադրանքի արտահանման ծավալը մեծացնելու նպատակով ՀՀ–ում սննդամթերքի գրասենյակ կհիմնվի:
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան տնտեսական գծով պատասխանատու Աբաս Ղորբանիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական արտադրանքի՝ Իրան արտահանման ծավալը մեծացնելու նպատակով Հայաստանում` Երեւանում եւ մարզերում «Հալալ» սննդամթերքի գրասենյակ հիմնելու հետ կապված հարցեր: «Հալալ» եզրը նշանակում է մթերքի համապատախանություն մահմեդական ավանդույթներին: Հալալ պիտակավորմամբ արտադրանքը համարվում է մաքուր արտադրանք:
Նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը կարեւորել է Հայաստան-Իրան համագործակցությունը եւ նշել, որ երկու երկրների միջեւ գործակցությունը զարգացնելու հնարավորությունները շատ ավելի մեծ են:
Նա նաեւ նշել է, որ Հայաստանում «Հալալ»-ի գրասենյակ բացելը նոր խթան կհանդիսանա հայ գործարարների կողմից դեպի Իրան արտահանման ծավալների մեծացման համար: «Հայաստանից արտահանվող արտադրանքը նման պիտակվորմամբ կնպաստի արտադրական ծավալների մեծացմանը, քանի որ կհանգեցնի տվյալ արտադրանքի սպառման մեծացմանը արտերկրում: Այս գործընթացը դրական ներգործություն կունենա նաեւ զբոսաշրջության ոլորտում, քանի որ սննդի օբյեկտներում կմատուցվի զբոսաշրջիկների կոնկրետ խմբի պահանջներին համապատասխան մթերք»,- նշել է նախարարի տեղակալը:
Տարասյանը կարեւորել է նաեւ Հայաստանում եւ Իրանում սերտիֆիկացման մարմիններ ունենալու անհրաժեշտությունը եւ համապատասխան մարմինների փոխադարձ ճանաչելիությունը, ինչը փոխշահավետ գործընթաց կարող է լինել երկու երկրների համար:
Աբաս Ղորբանին իր հերթին նշել է, որ Իրանի դեսպանատունը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությամբ եւ ջանք չի խնայում երկու երկրների հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:
Նա եւս կարեւորել է Հայաստանում «Հալալ»-ի գրասենյակի բացումը` նշելով, որ այն հնավորություն կտա ավելացնելու Հայաստանից դեպի Իրան եւ այլ երկրներ հայկական արտադրանքի արտահանումը, ինչպես նաեւ կնպաստի զբոսաշրջության զարգացմանը:
Ղորբանին նաեւ ավելացրել է, որ Հայաստանում արտադրված ապրանքները շատ բարձր որակի են եւ իրանական կողմը եւս շահագրգրված է Հայաստանից արտահանվող ապրանքների ավելացմամբ:
Հանդիպման ընթացքում կարեւորվել է երկու երկրների համապատասխան մարմինների ներկայացուցիչների փոխադարձ այցերի կազմակերպումը, ինչը հնարավորություն կտա արագացնելու Հայաստանում «Հալալ»-ի գրասենյակի բացման եւ սերտիֆիկացման մարմինների փոխադարձ ճանաչելիության գործընթացը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Իրան-ԵԱՏՄ համագործակցությանը եւ Մեղիի տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը:





























