Հայաստանի կառավարությունը հատուկ հայեցակարգ է մշակել ռազմական գործողությունների հետեւանքով 1992 թ. օգոստոսի 8-ին Արծվաշեն համայնքից բռնի տեղահանվածների բնակարանային օգնություն տրամադրելու վերաբերյալ:
Ինչպես նշել է Հայաստանի քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, այդ հայեցակարգը կհաստատվի նոյեմբերի 4-ի կառավարության նիստում։
Բնակարանային խնդիրների լուծման կարիք ունեցող ընտանիքներից 416-ի բնակարանային խնդիրն առաջարկվում է լուծել բազմաբնակարան շենքերի բնակարանների եւ բնակելի տների հատկացմամբ, 66-ը` շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրմամբ:
Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների հետեւանքով Արծվաշենից Հայաստան է տեղափոխվել 633 ընտանիք եւ հաստատվել Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում:
Նշված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանն աջակցելու նպատակով 1993-2002 թվականների ընթացքում ՀՀ կառավարության կողմից ընդունվել են մի շարք որոշումներ, որոնց համաձայն տրամադրվել է աջակցություն` արտոնյալ երկարաժամկետ վարկի տեսքով եւ միանվագ անհատույց ֆինանսական աջակցություն` բնակելի տների գնման կամ վերանորոգման համար: Չնայած իրականացված միջոցառումներին` արծվաշենցիները շարունակում են բնակվել շահագործման ժամկետը սպառած եւ քայքայված, բնակության համար ոչ պիտանի վիճակում գտնվող փայտաշեն տներում:




























