Նոյեմբերի 2-ին Հայաստանի ԱԳՆ-ում տեղի է ունեցել արտաքին մրցույթում հաղթած դիվանագետների երդման հանդիսավոր արարողությունը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի համաձայն 2010թ. ամռանն անցկացված մրցույթի արդյունքում 9 հոգի աշխատանքի են ընդունվել ԱԳՆ համակարգի դիվանագիտական պաշտոններում` 3-6 ամիս փորձաշրջանով:

Այսoր ԱԳՆ փորձաշրջանը հաջողությամբ ավարտած  հինգ դիվանագետներին ԱԳ նախարարի հրամանով շնորհվել է կցորդի`առաջին դիվանագիտական աստիճանը եւ նրանց հանձնվել դիվանագետի վկայականները:

Երիտասարդ դիվանագետներին շնորհավորել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որն իր խոսքում մասնավորապես նշել է. 

«Գիտեմ, որ երազել եք այս օրվա մասին։ Ավելի ճիշտ՝ հուսով եմ, որ երազել եք, որովհետեւ բացի գիտելիքներից ու ունակություններից կարեւոր է ձգտումը եւ նվիրվածությունը, որովհետեւ առանց այդ հատկանիշների դժվար է դառնալ լավ դիվանագետ:

Նախկինում շատերը նույնիսկ չէին համարձակվում երազել դիվանագետ դառնալու մասին. Հայաստանի դիվանագիտական ծառայությունը բուն իմաստով ձեւավորված չէր, Խորհրդային Միության դիվանագետ լինելու համար հարկավոր էր լինել հարյուր հազարավորներից մեկը: Այսօր իրականացել է ձեր երազանքը եւ ձեզ շնորհավորում եմ այդ կապակցությամբ: Շնորհավորանքի հետ ես ոչ թե մաղթանքներ, ավելի շուտ մի քանի պատգամ կցանկանայի փոխանցել:

Դիվանագետ լինելը նաեւ նշանակում է մշտապես սովորել` ոչ միայն հարստացնել գիտելիքները դիվանագիտության եւ միջազգային հարաբերությունների, այլ նաեւ` այլ, հնարավորինս շատ ասպարեզներում, որովհետեւ դիվանագետը պետք է լայն եւ բազմակողմ աշխարհահայցք ունենա, որպեսզի լավագույն կերպով կարողնա դրսեւորել իրեն որպես դիվանագետի:

Նորանշանակ դիվանագետները համալրել են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի, Եվրոպայի, իրավաբանական վարչությունները, ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունը: