Հայաստանում դեռեւս շարունակում է առաջնահերթ մնալ փախստականների բնակարանային ապահովության խնդիրը, որը ամբողջությամբ լուծված չէ: Այս մասին նշել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ով այսօր`նոյեմբերի 2-ին ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի (ՓԳՀ) գրասենյակի Եվրոպայի բյուրոյի փոխտնօրեն Գիլերմո Բետտոչիին եւ ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյնեին: Նրանք քննարկել են ՀՀ կառավարության ու ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի միջեւ ներկա համագործակցության ընթացքը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՏԿՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
Փոխվարչապետը տեղեկացրել է, որ վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարվել օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ, սակայն դեռեւս շարունակում է առաջնահերթ մնալ փախստականների բնակարանային ապահովության խնդիրը, որը ամբողջությամբ լուծված չէ: Նա կարեւորել է այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք գործնական արդյունքներ կունենան փախստականների խնդիրների լուծման հարցում` նշելով, որ նմանատիպ, ինչպես նաեւ փախստականների ինտեգրմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցում գնահատելի կհամարվի ինչպես ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի, այնպես էլ տարբեր դոնոր կազմակերպությունների աջակցությունն ու օժանդակությունը:
ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի Եվրոպայի բյուրոյի փոխտնօրենն իր հերթին կարեւորել է իրականացված քայլերը` նշելով, որ ՓԳՀ գրասենյակը փախստականների խնդիրների լուծումը դիտարկում է նաեւ ընդհանուր զարգացման ծրագրերի համատեքստում:





























