Տարածաշրջանային երկրները իրենց հիմնական մրցակցային առավելությունները ձեւավորում են բնական պաշարների (Ադրբեջան) կամ կոմունիկացիոն ուղիների (Վրաստան) վրա։ Այս մասին նոյեմբերի 2-ին ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ, «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը: Նրա խոսքով` Հայաստանում մրցակցային առավելություններ անհրաժեշտ է ձեւավորել գիտելիքի վրա:
«Անհրաժեշտ է ոչ միայն ունենալ նոր տեխիկական միջոցներ, այլեւ կիրառել նոր տեխնոլոգիաների բերած հնարավորությունները, ինչը մեզ թույլ կտա տարբեր վարկանիշներով հաղթել ոչ միայն մեր հարեւաններին, այլեւ դուրս գալ ավելի մեծ տարածաշրջաններ»,-ասաց Մ. Հերգնյանը:
Նրա խոսքով` Հայաստանում վերջին շրջանում նկատելի են դրական տեղաշարժեր` ավելացել է բջջային հեռախոսներից օգտվողների թիվը, լավացել է ինտերնետի արագությունը, սակայն այս ամենը դեռեւս բավարար չէ մրցունակ երկիր լինելու համար:
«Մրցակցությունից դուրս չմնալու համար անհրաժեշտ է նախ արագ արձագանքել նոր մարտահրավերներին եւ հետո լուրջ ներդրումներ իրականացնել»,- ասաց Մ. Հերգնյանը` հավելելով, որ դանդաղկոտության արդյունքում Հայաստանը միշտ զիջում է իր հարեւան երկրներին տարբեր վարկանիշներով:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում անհրաժեշտ է լուրջ ներդրումներ իրականացնել, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաները ընդամենը մի քանի ուսանող կամ մի քանի համակարգիչ չի, այստեղ լուրջ ներդրումներ է պետք անել, որպեսզի այդ տեխնոլոգիաները դառնան երկրի զարգացման իրական շարժիչ ուժ»,-ասաց Մ. Հերգնյանը:





























