Թուրքիայի երկրորդ դատարանը նոյեմբերի 2-ին որոշել է ազատ արձակել Ռուսաստանի Տուլայի մարզի Պետավտոտեսչության պետ Իգոր Կոնովալովը, ով Թուրքիայում ոստիկանության բաժանմունք էր տարվել անչափահաս աղջկա բռնաբարության կասկածանքով: Խոսքը նրա հետ Թուրքիա հանգստանալու մեկնած կնոջ դստեր մասին է:

Ինչպես հաղորդում է tasnews.ru-ն, հաջորդ դատական նիստին Կոնովալովը պետք է սպասի ազատության մեջ` թուրքական հյուրանոցում: Նախկին պետավտոտեսուչի պաշտպանը հույս ունի, որ հաջորդ դատական նիստում Կոնովալովի նկատմամաբ արդարացման վճիռ կկայացվի: Միաժամանակ, դատապաշտպանին անհայտ է, թե ինչ որոշում կկայացնի դատարանը կապված Կոնովալովի կողմից 17-ամյա աղջկան ծեծելու փաստի առնչությամբ:

Նշենք, որ թուրքական մամուլը մանրամասնորեն անդրադարձել է Կոնովալովի կողմից 17-ամյա աղջկան բռնաբարելու փորձին եւ նախկին ոստիկանի ձերբակալմանը:

Ավելի վաղ NEWS.am-ը` վկայակոչելով Milliyet-ին, հաղորդել էր, որ օգոստոսին ռուսաստանցի ոստիկանը Իրինա Ֆոմիչեւայի եւ նրա 17-ամյա դստեր հետ հանգստի էր մեկնել Թուրքիա: Օգոստոսի 29-ի գիշերը հինգաստղանի հյուրանոցում, որտեղ ապրում էին ռուսաստանցիները, լսվել էր աղջկա բղավոցը, որից հետո 17-ամյա աղջիկը ամբողջովին մերկ դուրս էր վազել միջանցք, նրան հետապնդել էր ռուս գնդապետը: Թուրքական ոստիկանությունը բռնաբարության կասկածանքով Կոնովալովին տարել էր բաժանմունք:

Հետագայում աղջիկը հրաժարվել էր մեղադրանքներից: Փորձաքննությունը բռնաբարության փաստը չէր հաստատել: Բացի այդ Կոնովալովը ՆԳՆ գաղտնի փաստաթղթերին ծանոթանալու իրավունք ուներ եւ Ռուսաստանից մեկնելիս պարտավոր էր ստանալ ղեկավարության թույլտվությունը, սակայն նա Թուրքիա էր մեկնել ինքնակամ: