Նոյեմբերի 2-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է խաղաղ պայմաններում բանակում սպանված Արտակ Նազարյանի եւ Սամվել Խաչատրյանի հարազատներին:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ ՀՀ ԶՈՒ զինծառայողներ Արտակ Նազարյանի եւ Սամվել Խաչատրյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության ողջ գործընթացը գտնվում է իր անմիջական վերահսկողության ներքո, իրականացվում են համապատասխան միջոցառումներ նշյալ դեպքերի հետ կապված բոլոր հանգամանքները պարզելու և մեղավորներին օրենքի ամբողջ խստությամբ պատժելու համար:
Միաժամանակ Ս.Օհանյանն ընդունել է Մանվել Սարիբեկյանի հարազատներին` արտահայտելով իր խորին ցավակցությունը:
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է նաև 47 այլ քաղաքացիների` զինվորների ծնողներ, ազատամարտիկներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, պահեստազորի սպաներ և քննարկել սոցիալական ու իրավական հարցեր: Քաղաքացիների դիմումների կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:





























