Հարավկորեական Samsung Electronics–ը նախատեսում է Galaxy Note 7 սմարթֆոնի բռնկման պատճառների մասին հետազոտության արդյունքները հրապարակել հունվարի 23-ին, հաղորդում է RNS–ը։
Անցած տարվա հոկտեմբերի 11–ին Samsung–ը դիմել էր Galaxy Note 7–ի բոլոր տերերին՝ հեռախոսն անջատելու եւ դրանից չօգտվելու խնդրանքով։ Ընկերությունը հայտարարել էր, որ կառաջարկի իր բոլոր գործընկերներին ամբողջ աշխարհում դադարեցնել սմարթֆոնի վաճառքն ու փոխարինումը։
Նոյեմբերին ավիաընկերությունների մեծ մասը արգելել էր այս սմարթֆոնը անցկացնել օդանավ՝ մարտկոցների հավանական պայթյունի պատճառով։
Samsung Electronics–ը կզրկվի շուրջ 19 միլիարդ դոլար եկամուտից Galaxy Note 7–ի վաճառքների դադարեցման արդյունքում, հաշվարկել է Credit Suisse–ը, բացի այդ շուրջ 1.4 միլիարդ դոլար էլ կծախսվի թերություններով հեռախոսների ոչնչացման վրա։ Սակայն նյութականից շատ ավելի մեծ կլինի Samsung–ի հեղինակությանը հասցված վնասը, կարծում են Reuters–ի կողմից հարցված վերլուծաբաններն ու մասնագետները։





























