Հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ շահեկան է: Այս մասին հայտարարել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյը, Վարշավայում Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ: Ա. Բաղդասարյանը Լեհաստան է մեկնել նոյեմբերի 2-ին Ստանիսլավ Կոզիեյի հրավերով:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԱԽ քարտուղարի մամուլի ծառայությունից, Բաղդասարյանն ու Կոզիեյը կարեւորել են առկա տարաձայնությունները բանակցային ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: Ըստ լեհական կողմի` հենց այս մոտեցումն է գերիշխող դառնալու ՆԱՏՕ-ի` առաջիկայում Աստանայում կայանալիք գագաթնաժողովում, եւ այս առումով շահեկան է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ:
«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, անընդունելի ենք համարում մի կողմից` բանակցելու, մյուս կողմից` սպառնալիքներ հնչեցնելու` Ադրբեջանի մարտավարությունը»,-ասել է Արթուր Բաղդասարյանը:
Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավարը կարեւորել է ԼՂ խնդրի խաղաղ, փոխզիջումային կարգավորումը ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների համադրման ճանապարհով` նշելով, որ ռազմական ճանապարհով նման հակամարտությունների լուծումը ոչ միայն հեռանկար չունի, այլեւ` անընդունելի է միջազգային հանրության կողմից:
Ստանիսլավ Կոզիեյը ողջունել է Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը եւ հույս հայտնել, որ առաջիկայում կարձանագրվեն դրական արդյունքներ, ինչը կարժանանա Լեհաստանի աջակցությանը:
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի եւ Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի միջեւ անվտանգության ոլորտում համագործակցության մասին հուշագրի ստորագրումից հետո կայացել է Արթուր Բաղդասարյանի եւ Ստանիսլավ Կոզիեյի համատեղ մամուլի ասուլիսը:
Բանախոսներն ընդգծել են, որ Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդն ու Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոն փոխգործակցելու են միջազգային կազմակերպությունների շրջանակում, իրականացնելով անվտանգության ժամանակակից սպառնալիքների եւ մարտահրավերների, տարածաշրջանային կայունության ապահովման գործում ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի դերի վերաբերյալ տեսակետների փոխանակում:





























