Հոկտեմբերի 31-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ոստիկանության պահակակետի մոտ տեղի ունեցած պայթյունի հեղինակը, որի արդյունքում տուժել է 32 մարդ, Քրդական բանվորական կուսակցության (PKK) մահապարտներից է եղել:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով քաղաքապետի աշխատակազմին, ահաբեկչության հետաքննության արդյունքում պարզվել է, որ այն կատարել է 24-ամյա վանեցի Վեդաթ Աջարը, ով 2004-ից PKK-ի անդամ է:

Հետաքննությունն արդեն ձերբակալել է 8 հոգու, այդ թվում ենթադրյալ ահաբեկչի հարազատներին:

РКК-ն ավելի վաղ հերքել էր իր մասնակցությունն այդ ահաբեկչությանը: Միաժամանակ, այն երկարաձգել է թուրքական իշխանությունների հետ իր հռչակած հրադադարը եւ բացատրել, որ նման պահի, երբ քրդական խնդիրը ժողովրդավարական ճանապարհով լուծելու շանս կա, РКК-ն նման քայլի չէր գնա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թաքսիմում ահաբեկիչ մահապարտը փորձել էր մտնել ոստիկանական ավտոբուսներից մեկի մեջ, սակայն արգելքի հանդիպելով` դրսում էր պայթեցրել իրեն: Պայթյունի հետեւանքով վիրավորվել էր 15 ոստիկան եւ 17 քաղաքացիական անձ:

PKK-ն հերքել է իր կապը հիշյալ պայթյունի հետ՝ նշելով իրենց առաջնորդներից մեկի հայտարարությունը, թե այսուհետ PKK-ն ձեռնպահ է մնալու քաղաքացիական անձանց վնասելուց: