«Փոքր Մհեր» կրթահամալիրի ուսուցչական կազմը բողոքում է, որ ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում դասերն արդեն սկսվել են, բայց իրենցից ոչ մեկին չեն կանչել աշխատանքի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  «Փոքր Մհեր»  կրթահամալիրի ֆիզիկայի ուսուցիչ Մանվել Ալեքսանյանը՝ անդրադառնալով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հետ «Փոքր Մհեր» կրթահամալիրի միավորման խնդրին:

«Մեզ խաբեցին, մենք մնացինք գործազուրկ, էրեխեքի մի մասը կրթահամալիր չգնաց, ուղղակի ցրեցին: «Մոնթեից» էլ ասացին, որ ազատ ժամեր չունեն, բայց նախապես խոստացել էին, որ նախնական մի մասին կտանեն կրթահամալիրում դասավանդելու: Եղել եմ կրթահամալիրում, 10-րդ դասարանցիների մի փոքր մասը, դաս էլ չէին պարապում, ինչ-որ բանով  զբաղեցնում էին նրանց»,-ասաց  նա:

Ուսուցիչների խոսքով, 90 աշակերտի զոռով տարել են եւ տպավորություն է ստեղծվում, որ  «Մոնթե Մելքոնյան»-ին միայն կրթահամալիրի բյուջեն ու աշակերտներն էին պետք:

«Որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, բայց մեր դպրոցը փակել են, իսկ աշխատակազմի հարցը մնաց օդում: Ասել էին, որ ուսուցիչների մի մասին կտանեն, սակայն կրթահամալիրում դասապրոցեսն արդեն ընթանում է, ոչ մեկին չեն կանչել: Տպավորություն է ստեղծվում, որ  «Մոնթե Մելքոնյան» կրթահամալիրին միայն  «Փոքր Մհեր»-ի բյուջեն եւ աշակերտներն էին պետք: Աշակերտների մոտ տհաճ են տպավորությունները: Առանձին ծնողական ժողով են հրավիրել, պախարակել են ուսուցիչներին»,-ասացին «Փոքր Մհեր» կրթահամալիրի ուսուցիչները:

Հիշեցնենք, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրի ավագ մասնաճյուղի սաները, ծնողներն ու ուսուցիչներն հունվարի 10-ին հավաքվել էին կրթահամալիրի դահլիճում եւ բողոքում էին այն ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանին միացնելու դեմ: