Այսօր` նոյեմբերի 3-ին Իրանում կհրապարակվի ամուսնական դավաճանության եւ սեփական ամուսնուն սպանելու մեջ մեղադրվող Սակինե Մոհամադի Աշտիանիի դատավճիռը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով իրավապաշտպան կազմակերպություններին։
43-ամյա Սակինե Աշտիանին նախապես դատապարտվել էր մահապատժի` քարկոծման եղանակով, սակայն մահապատժի այդ տեսակը առաջացրել էր ամբողջ աշխարհի դժգոհությունը։ Դրանից հետո քարկոծումը փոխարինվել է կախաղանով։
Այն բանից հետո, երբ Սակինե Աշտիանիի պատմությունը մեծ արձագանք է գտել Իրանի սահմաններից դուրս, երկրի իշխանությունները համաձայնել են հետաձգել դատավճռի իրականացումը, իսկ նրա գործը ուղարկվել է վերանայման։
Կինն իրեն մեղավոր չի ճանաչում եւ պնդում է, որ խոստովանությունն իրենից կորզել են ճնշումների ներքո։
Սպիտակ Տունը դատապարտել է Իրանի իշխանությունների այս մտադրությունը։ Պաշտոնական Թեհրանը դեռեւս չի մեկնաբանել այս տեղեկությունները։




























