․ Ցեղասպանության կամ Ղարաբաղի հարցով ԱՄՆ քաղաքականության մեջ արմատական փոփոխություններ ակնկալել պետք չէ։ Այս մասին Կառավարության հունվարի 19-ի նիստից հետո լրագրողներին հայտնել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, պատասխանելով Դոնալդ Թրամփի պաշտոնավարությունից ԱԳՆ ակնկալիքների մասին հարցին։

Քոչարյանի խոսքով, Դոնալդ Թրամփի երդմնակալությանը Հայաստանից պատվիրակություն հրավիրված չէ, քանի որ նմանատիպ միջոցառումներին սովորաբար դեսպաններին են հրավիրում։ Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ քաղաքականությանը, ապա ակնհայտ է, որ նման կայացած կառույցներով պետությունում ամեն ինչ չի կարող պայմանավորված լինել նախագահի անձով, չնայած շատ որոշումներ հենց նա է կայացնում։ «Բայց եթե ընդհանրական խոսենք՝ ապա արմատական փոփոխություններ ակնկալելը դժվար է։ Չնայած իհարկե կլինեն որոշակի փոփոխություններ՝ մանավանդ արտաքին քաղաքականության մեջ, ինչը մեզ համար շատ կարեւոր է»,- հավելել է Շավարշ Քոչարյանը։