Դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում ԼՂ խնդրի վերաբերյալ չի ընդունվի ճանապարհային քարտեզ, որովհետեւ դա նշանակում է կարգավորման հստակ ժամանակացույց ու ծրագիր: Այսօր` նոյեմբերի 3-ին մամուլի ասուլիսում նման կանխատեսում արեց Հայ ազգային կոնգրեսի անդամ Դավիթ Շահնազարյանը, հավելելով, որ ամենայն հավանականությամբ, կլինի հայտարարություն, որով կնշվեն Մադրիդյան սկզբունքների այն կետերը, որոնց շուրջ կողմերն ունեն համաձայնություն:

Իսկ եթե Հայաստանի շահերին դեմ որեւէ ձեւակերպում հայտնվի ԵԱՀԿ որոշումներում, Հայաստանն, ըստ Շահնազարյանի, չի կարողանալու դրա դեմ պայքարել, որովհետեւ «ՀՀ իշխանություններն այնքան ցածր իմունիտետ ունեն, որ ռիսկ չեն անի վետոների պատերազմ սկսել, չեն կարող իրենց կամքը պատրադրել ԵԱՀԿ գագաթնաժողովին»:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական գործընթացին, ընդդիմադիր գործիչը նշեց, որ «Հայաստանի իշխանությունները պետք է ընդունեն, որ լուրջ սխալ են գործել եւ չեն հասկացել, որ սահմանի բացման հարցը լուծվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»:

Նրա խոսքով, թուրքերին կարելի է մեղադրել ամեն ինչում, բացի անկեղծությունից, քանի որ նրանք հենց սկզբից հայտարարել են, որ սահմանը կբացվի միայն ԼՂ հարցում առաջընթաց արձանագրվելու դեպքում: «Հայ-թուրքական շփումներ հիմա էլ կան, բայց դժվար է ասել, թե դրանք մինչեւ ուր կարող են հասնել»,- ասաց նա: