Հունվարի 19–ին Հայաստանի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստներ՝ Էդգար Մանուչարյանն ու Արթուր Սարկիսովը նշում են իրենց ծննդյան 30-ամյակը:

Էդգար Մանւոչարյանը վերջերս է տեղափոխվել Թաիլանդի «Ռատչաբուրի», որտեղ օրերս դարձավ այդ թիմում իր առաջին  գոլային փոխանցման հեղինակը: 

Մանուչարյանի կարիերան շատ արագ սկսեց զարգանալ: Նա Հայաստանի հավաքականի  առաջին  ֆուտբոլիստը դարձավ, ով խաղում էր բարձրակարգ թիմում՝ «Այաքսում»: Երբ Էդգարը պատանի էր, բոլոր մասնագետներն ասում էին, որ մեծ ֆուտբոլիստ է դառնալու: Իսկապես շատ տաղանդավոր էր, սակայն նրա կարիերայի լավագույն արդյունքները երեւի թե գրանցվեցին Ռուսաստանի առաջնությունում, որտեղ նա հանդես էր գալիս Ուրալ թիմում:

Թե ինչու Էդգարի կարիերան այդքան էլ լավ չստացվեց կան տարբեր վարկածներ. Նախ այն, որ նրան դեռ պատանի տարիքում խաղացնում էին տարբեր տարիքայինների հավաքականներում եւ այդ գերծանրաբեռնվածությունն էլ կոտրեց նրան: Երկրորդն, իհարկե, ֆուտբոլային բախտն է: «Այաքսում» ստացած վնասվածքը ծանր նստեց նրա վրա: Եվ երրորդ գործոնը կարգապահությունն է: Էդգարին բազմաթիվ անգամ քննադատել է ՀՖՖ նախագահը: Շատ էին խոսակցությունները, որ ֆուտբոլիստը ավելի շատ իր երիտասարդ կյանքն է վայելում, քան ֆուտբոլ խաղում: Չնայած Էդգարի ֆուտբոլային ծաղկման տարիներին արդեն անցել են, բայց նա դեռ իր խոսքը կարող է ասել: Հատկապես եթե Հայաստանի հավաքականում հաջող ելույթներ ունենա:

Մեկ տարի առաջ իր ծննդյան օրը NEWS.am–ին տված հարցազրույցում ֆուտբոլիստն անդրադառնալով հարցին, թե եթե ժամանակը հետ տալու հնարավորություն լիներ, ի՞նչը կփոխեր իր կյանքում, պատասխանել էր. «Շատ շատ բաներ կփոխեի: Առաջին հերթին՝ կիսատ գործը վաղվա չէի թողնի եւ շատ ավելի քիչ մարդկանց կվստահեի՝ հատկապես ֆուտբոլում»:

Հուսանք, որ այս մեկ տարում նա արդեն ճիշտ ուղու վրա է:

Արթուր Սարկիսովն առանց չափազանցության հավաքականի երկրպագուների ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկն է: Մեծ սիրով միացավ Հայաստանի հավաքականին, երբ դեռ խաղում էր Ռուսաստանի Առաջին լիգայում: Իր թիմում դառնալով լեգեոներ, նա այնուամենայնիվ գնաց այդ քայլին: Շատերն ասում են՝ թե հավաքականում խաղալու համար պետք է այդպիսի զոհերի գնալ, բայց շատ այլ ֆուտբոլիստներ նույն Ռուսաստանից այդպես էլ չեկան Հայաստանի հավաքական: 

Բացի այդ Արթուրը լրագրողների ու երկրպագուների հետ ամենից հանգիստ շփվող ֆուտբոլիստներից մեկն է: Միշտ բարյացակամ եւ հանգիստ, երբեք չի մերժում: Կարծրատիպ կա, որ ֆուտբոլիստները զարգացած չեն լինում: Արթուրը այն օրինակներից է, որոնք հերքում են այդ տեսակետը: Սարկիսովը վերջերս տեղափոխվեց «Ենիսեյ»: Հուսանք՝ նա այնտեղ կդառնա լավագույն ռմբարկուն, իսկ հավաքականում խփած գոլերին կավելացնի դեռ շատ ավելին:

Վերա Մարտիրոսյան