Այսօր՝ նոյեմբերի 3-ին գիշերվա ժամը 1-ից սկսած հերթական անգամ լուրջ խնդիրներ են ծագել «Օրանժ-Արմենիա» ընկերության ինտերնետ կապի հետ, ավելին, մի ամբողջ շարք բաժանորդների մոտ կապն ընդհանրապես կտրվել է: Հատկանշական է, որ բաժանորդները չեն կարողացել նաեւ զանգահարել ընկերության 555 հեռախասահամարով օպերատորներից իրավիճակը ճշտելու համար: «Զանգերի մեծ քանակի պատճառով ազատ օպերատոր չկա: Զանգահարեք ավելի ուշ»,- մի քանի ժամ շարոնակ պատասխանում էր համակարգիչը:
NEWS.am-ի թղթակցին մի քանի ժամ անց միայն հաջողվել է կապվել օպերատորի հետ, ով նշել է, որ ցանցում խնդիրներ կան եւ երկու ժամվա ընթացքում կապը կվերականգնվի: Կապը, սակայն, չի վերականգնվել նաեւ այսօր, եւ «Օրանժի» մեկ այլ օպերատոր համոզում էր, թե «Օրանժի» ցանցում դեռ աշխատանքները շարունակվում են:
Նշենք, որ օրվա ընթացքում բազմաթիվ ընթերցողներ զանգահարել են խմբագրություն եւ տեղեկացրել «Օրանժ»-ի ինտերնետի հետ ունեցած խնդիրների մասին:
«Օրանժ-Արմենիա» ընկերության մամուլի քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է ինտերնետի հետ ծագած խնդիրները: «Ցանցում խնդիրներ են եղել երեկոյան ժամը 12-ից հետո, ինչի արդյունքում որոշ բաժանորդներ չեն կարողանում միանալ ցանցին: Տեխնիկական մասնագետներն այժմ աշխատում են աշխատում են դրա վրա, եւ օրվա ընթացքում այն կլուծվի»,- նշեց նա:




























