Մեկ ժամից ավելի դաժանորեն ծեծի ենթարկված զինվորի հայրը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել ու պաշտոնանկ անել Նուբարաշենի զորամասի հրամանատարի տեղակալին: Ծեծված զինվորը հոկտեմբերի 28-ից գտնվում է զինվորական հոսպիտալում:

Այս մասին Գեղարքունիքի մարզի Նորադուզ գյուղի բնակիչ, 5 ամսվա ծառայող Էրիկ Գրիգորյանի հայրը` Գագիկ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմել է, որ իր որդուն ծեծի է ենթարկել Նուբարաշենի զորամասի հրամանատարի տեղակալ Արմեն Բարեղամյանը: Տղան մեկ ժամից ավելի ծեծվել է առավոտյան ժամանակին չարթնանալու համար:

Հոր խոսքով` Էրիկ Գրիգորյանը ծեծվել է բազմաթիվ զինվորների աչքի առաջ: «Էդքան զինվորներն էլ ասում են` վախենում էինք մոտենալ, գոնե չթողնեինք ծեծել: Երեխան արդեն ուշագնաց ընկած է եղել, բայց ինքը խփել է: Հետո, ուշաթափված, զինվորները տարել են լվացնելու, բռնացրել լվացարանի մոտ նորից ծեծել է», - պատմում է Գագիկ Գրիգորյանը:

ՊՆ քննչական ծառայությունից տեղեկացրել են, որ նոյեմբերի 1-ին Երեւանի 4-րդ կայազորային քննչական բաժնում այս փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 375 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը):

Քննչական ծառայությունից նաեւ հայտնել են, որ Արմեն Բարեղամյանին նույն հոդվածով ամիսներ առաջ նույնպես մեղադրանք է առաջադրվել՝ մեկ այլ զինվորի ծեծելու համար, հոկտեմբերի 18-ին գործը դատարան է ուղարկվել, սակայն նա ազատության մեջ է ու շարունակում է աշխատել:

Հիշեցնենք, որ «Եղնիկներ» զորամասի գումարտակի հրամանատար Սասուն Գալստյանի նկատմամբ, ով ստորացրել ու բնության էր ենթարկել զինվորներին, որի մասին տեսանյութ էր հայտնվել YouTube-ում, նույնպես մեղադրանք էր առաջադրվել պաշտոնազանցության հոդվածով, այլ ոչ անձի դեմ ուղղված բռնության որեւէ հոդվածով: