Հայաստանի իշխանությունները կանեն են ամեն ինչ իրենց վերարտադրության համար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 3-ին հայտարարել է նախկին արտգործնախարար, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը:
«Կլինի դա կեղծումների, վարչական ռեսուրսի կենտրոնացման, թե կրտսեր կոալիցիոն եղբայրների օգնությամբ, ցանկացած դեպքում իշխանությունները մտադիր են ապահովել խորհրդարանական մեծամասնությունը»,- կարծիք է հայտնել Արզումանյանը:
Նրա խոսքով, չի բացառվում հերթական գրպանային ընդդիմության հայտնվելը ընտրությունների նախաշեմին: «Հայաստանի իշխանությունները կեղծելու են ընտրությունները, իսկ դրա իրացման համար անհրաժեշտ է նման ուժերի հայտնվելը»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությանը, Արզումանյանի խոսքով, միայն ֆորս-մաժորային իրավիճակը կարող է հանգեցնել արտահերթ նախագահական ընտրությունների: «Պահանջում են երկրի նախագահի հրաժարականը, բայց չեն պահանջում դա խորհրդարանից: Կամ իրավիճակը ստիպում է երկրի նախագահին ցրել խորհրդարանը կամ խորհրդարանն ինքնալուծարվում է: Դժվար թե խորհրդարանի քրեական կոնտինգենտը ցույց կտա նման բարձր քաղաքական եւ բարոյական գիտակցություն երկիրն այս վիճակից դուրս բերելու համար»,- ամփոփել է ընդդիմադիր գործիչը եւ հավելել, որ ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն արդյունքի հասնելու համար:





























