Թուրքիան վճռական է իր որոշման մեջ` բարձրացնել համագործակցության մակարդակը Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) երկրների հետ, ինչը կնպաստի տարածաշրջանի բարգավաճմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը` ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի 36-րդ գլխավոր ասամբլեայի ժամանակ:
Նրա խոսքով, Սեւծովյան տարածաշրջանը կարեւոր է Թուրքիայի կառավարության համար, որը որդեգրել է «զրո խնդիր հարեւանների հետ» սկզբունքը: «Մեր քաղաքականությունն ամբողջությամբ համընկնում է ՍԾՏՀ ԽՎ անդամ երկրների առաքելության հետ»,- ընդգծել է նա:
Վերջերս Թուրքիան հանել է վիզային ռեժիմը Ռուսաստանի, Ալբանիայի եւ Սերբիայի քաղաքացիների համար, իսկ մոտ ապագայում, ըստ Առընչի, նման պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել նաեւ մի շարք այլ երկրների հետ:
Անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին, փոխվարչապետն ընդգծել է, որ Թուրքիան առաջվա նման վճռական է տրամադրված այդ հարցում, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու հարցում:
«Ներկայումս ԵՄ-ի հետ հարաբերությունները գնալով ավելի մեծ կարեւորություն են ձեռք բերում եւ մենք, որպես տարածաշրջան, կարող ենք օգտվել ԵՄ-ի փորձից շատ ոլորտներում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ՍԾՏՀ անդամ երկրներն են Հայաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Վրաստանը, Բուլղարիան, Ռուսաստանը, Մոլդովան, Թուրքիան, Ռումինիան, Սերբիան եւ Ուկրաինան:




























