Հարավկորեական Samsung ընկերությունը հայտարարել է, որ  Galaxy Note 7 սմարթֆոնների բազմաթիվ պայթյունների պատճառը խոտանված մարտկոցներն են, որոնք գերտաքանալու դեպքում բռնկվում են: Այս մասին հայտնում է BBC-ն:

Ընկերության հաղորդագրության մեջ նշված է, որ Samsung-ի մասնագետները սխալի համար պատասխանատվությունը ստանձնել են եւ մտադիր են փոխել սմարթֆոնի մարտկոցների կառուցվածքն ու արտադրման գործընթացը:

«Մենք որոշ շտկող միջոցառումներ ենք ձեռնարկել, որպեսզի դա այլեւս չկրկնվի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Galaxy Note 7 սմարթֆոնները պաշտոնապես թողարկվել են 2016 թվականի օգոստոսից: Անցած տարվա սեպտեմբերին Samsung-ը հայտարարել է այդ մոդելի 2,5 մլն սմարթֆոններ հետ կանչելու մասին, երբ մի քանի սարքեր պայթել եւ ինքնաբռնկվել են: Հաճախակիացող միջադեպերից հետո ԱՄՆ-ի եւ մի շարք երկրների իշխանությունները արգելել են օդանավերում Galaxy Note 7-ի օգտագործումը: Նման որոշում են կայացրել մի շարք խոշոր ավիաընկերություններ, այդ թվում՝ ռուսական «Աերոֆլոտը»:

Երբ փոխարինված մոդելները եւս սկսել են պայթել, Samsung ընկերությունը հայտարարել է այս մոդելի սմարթֆոնների վաճառքը դադարեցնելու մասին: Խնդիրը, ընկերության գնահատմամբ, կարող է 5,3 մլրդ դոլարի վնաս պատճառել, նաեւ բացասաբար անդրադառնալ ընկերության վարկանիշի վրա: