Գարեգին Նժդեհի կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «Վստրեչի» կամրջի վերկառուցման աշխատանքները, որոնք Երեւանի քաղաքապետարանի ծրագրերով սկսվել էին այս տարվա մարտին, ավարտված են։ Կամուրջը նոյեմբերի 3 -ից երթեւեկության համար բաց է:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կամուրջը բացելուց հետո, քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը վարչական շրջանների ղեկավարների ու բազմաթիվ երեւանցիների հետ միասին քայլելով անցել է Էրեբունի շրջանը Շենգավիթին կապող կամրջի վրայով, իսկ մյուս ծայրին նրանց դիմավորել են շենգավիթցիները։
1968-ին շահագործման հանձնված կամուրջը նախկինում երբեւէ չէր հիմնանորոգվել։ 1985 թ. կամրջի տակ բռնկված հրդեհի պատճառով ուղետարի կրող կոնստրուկցիաները լրջորեն վնասվել էին, ինչի հետեւանքով դրանց կրողունակությունը նվազել էր: 1997 թվականից կամուրջը վթարային էր ճանաչվել: Ներկայումս կամուրջը համապատասխանում է սեյսմակայնունության 9 բալանոց սանդղակին:
Թարմացվել է կամրջի արտաքին տեսքը՝ տեղադրվել են նոր բազրիքներ։Ասֆալտապատվել է 20 մետր լայնությամբ երթեւեկելի շերտը, նորոգվել են 3 մետր լայնությամբ երկկողմանի մայթերը, անցկացվել է արտաքին լուսավորության նոր համակարգ:





























