«Կոռնետ-ԱՄ» ընկերությունը Ծաղկաձորում ներդրել է ինտերնետ հասանելիության WiMax տեխնոլոգիան, որը թույլ է տալիս անլար ինտերնետի ծառայություն մատուցել: Ծաղկաձորում նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ WiMax համակարգի ներդրման շնորհանդեսը։
«Կոռնետ-ԱՄ» ընկերության գլխավոր տնօրեն Բորիս Դեմիրխանյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ծաղկաձորյան նախագծում կիրառվում են OmniMAX լուծումներ, որը թույլ է տալիս լայնաշերտ անլար ինտերնետ ապահովել բոլոր ինտերնետ-օգտագործողների համար ֆիքսված հեռախոսակապում։
«Այստեղ ներդրվել են բոլորովին նոր սարքավորումներ, որը Հայաստանում որեւէ այլ տեղ չի տեղադրվել։ OmniMAX տեխնոլոգիայի կիրառմամբ անլար ինտերնետի տրամադրում ընդհանրապես առաջին անգամ է առաջարկվում եւ դա առաջինը անում ենք հենց Ծաղկաձորում»,-ասաց Բ. Դեմիրխանյանը։ Նրա խոսքով՝ նոր տեխնոլոգիան կարող է ապահովել բարձր որակի ինտերնետ հասանելիություն, քանի որ OmniMAX տեխնոլոգիան բազմասեկտոր բազային կայան է, որը ապահովում է մատչելիություն եւ ծածկույթ ամբողջ քաղաքի տարածքում:
«Ծաղկաձորում որակյալ ինտերնետ կապ ապահովվել հատկապես ձմեռային սեզոնին, երբ բաժանորդների թիվն անհամեմատ ավելանում է, դժվար է, սակայն նոր տեխնոլոգիաները, կարծում եմ, հնարավորություն կտան որակյալ ինտերնետ ապահովել Ծաղկաձորում տարվա բոլոր եղանակներին»,-ասաց Բ. Դեմիրխանյանը։
Տեղեկացնենք, որ «Կոռնետ-ԱՄ»-ը WiMAX տեխնոլոգիայով ցանցի հասանելիություն ապահովում է ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի 19 խոշոր քաղաքներում:
Նշենք, որ «Կոռնետ-ԱՄ»-ի սեփականատերը հանդիսանում է ԱՊՀ տարածքում եւ Ռուսաստանում հեռահաղորդակցության ոլորտի ծառայություններ մատուցող «Կոմստար-ՕՏՍ» ընկերությունը։





























